Շուշիի ազատագրումը

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում: Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը:

Բովանդակություն  

1 Ընդհանուր տեղեկություններ
2 Անհրաժեշտությունն ու նախադրյալները
3 Ազատագրման ռազմական գործողությունը
4 Աղբյուրներ
5 Գրականություն
6 Արտաքին հղումներ

Ընդհանուր տեղեկություններ


1988թ. փետրվարին Լեռնային Ղարաբաղը, արդեն յոթանասուն տարի ինքնավար մարզ էր Ադրբեջանական ԽՍՀի տարածքում:
[խմբագրել]Անհրաժեշտությունն ու նախադրյալները


Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին: Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և ԼՂՀ անկախությունը դարձել է ավելի քան իրական:
Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը “Գրադ” կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն:
Ինքնապաշտպանության ուժերի 1991թ. վերջի և 1992թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար:
Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992թ. հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է ետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների:
Սակայն շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անխնա հրթիռահրետակոծությունները: Մոտ 1 շաբաթվա ընթացքում արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ: 1992թ. ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք:
Շուշիի ազատագրման նախապատրաստման շրջանակներում հայկական կողմը ձեռնարկել է նաև միջազգային հանրությանը դրան նախապատրաստելու դիվանագիտական աշխատանք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԽ-ին և մի շարք երկրների ղեկավարներին հասցեագրված ԼՂՀ ԳԽ փետրվարի 19-ի դիմումով նրանց ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վրա՝ մասնավորապես հիշատակելով Մարաղայի կոտորածը (ապրիլ 1991թ.):
Մայիսի 1-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունը կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Ղարաբաղի ժողովուրդը սովահար է, զրկված ջրամատակարարումից, էլեկտրականությունից, դեղորայքից... Ուստի Շուշիի ազատագրումը Ստեփանակերտի և ողջ Լեռնային Ղարաբաղի շահերից բխող պարտադրված անհրաժեշտություն է: 1992թ. մարտ-ապրիլին, ի պատասխան այդ դիմումի, մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սայրուս Վենսը և ԵԱՀԽ լիազոր պատասխանատու Յ. Կուբիչը, Իրանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Վայեզին, ՌԴ ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրևը, ժամանել են տարածաշրջան: Սկսվել է նաև բանակցային գործընթաց. Իրանի մայրաքաղաք Թեհրանում մայիսի 6-ին հանդիպել են ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԻԻՀ նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յ. Մամեդովը:

Ազատագրման ռազմական գործողությունը


Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում:
Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը: Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դարիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար Արթուր Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ Օլեգ Եսայանը, Գ. Պետրոսյանը, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ:
Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիաջպես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը: Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարներ Սամվել Բաբայանի, Ա. Կարապետյանի, Սեյրան Օհանյանի, Վ. Չիթչյանի և ուրիշների գործուն մասնակցությամբ:
Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը:
Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել էին իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները: Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից:
Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր: ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման:
Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին հետևյալ մանրամասներով.
Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ:
Մեր խնդիրը՝
ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում,
ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը),
հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից:
Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով:
Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել բարձունքը և դիրքավորվել այնտեղ: Ուժերի վերախմբավորումից հետո, նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.
Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար` Ա. Կարապետյան,
«26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան,
Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան,
Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յ. Հովհաննիսյան:
Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին:
Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:
Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը: Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել: Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի “մաքրման” գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր:

Comments
0 Comments

 

© 2013 ◕‿◕Բոլոր իրավունքները պաշտպանված են Now Blog

Back To Top