iPhone-ի Համար Ամենահայտնի Խաղը Գրում է 14-ամյա Դպրոցականը




«Ընկերներս առաջարկեցին ինձ iPhone-ի համար ծրագիր գրել և ես մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ, դա հիանալի կլիներ» – պատմում է 14-ամյա Ռոբերտ Նեյը, որի ստեղծած Bubble Ball խաղը դարձել է բոլոր ժամանակների ամենահայտնի խաղը iPhone, iPad և iPod-ի համար: App Store-ում խաղի հայտնվելուց 2 շաբաթ անց այն արդեն ներբեռնվել էր մոտ 1 միլիոն անգամ:
Ներբեռնումների քանակով այն գերազանցեց նույնիսկ շուկայի առաջատարներին՝ Angry Birds, Geared 2 և Cookie Ninja խաղերին:

Խաղն իրենից ներկայացնում է պարզ խաղ-գլուխկոտրուկ «հեշտ է խաղալ, բայց բարդ սովորել» շարքից: Դուք պարզապես պետք է ուղարկեք գնդակը դեպի վանդակավոր դրոշակը: Բայց որպեսզի այն հասնի նպատակակետին, ճանապարհին դուք պետք է դնեք տարբեր մետաղյա և փայտե իրեր, որոնց դիպչելով` գնդակը կփոխի իր ուղղությունը: Խաղի դեմո տարբերակը կարող եք դիտել ներքևում, իսկ այժմ խոսենք հեղինակի մասին:



Ռոբերտը բնակվում է ԱՄՆ-ի Յուտա նահանգի Spanish Fork քաղաքում: Խաղը գրելիս նա սովորում էր 8-րդ դասարանում: Տեսնելով, թե ինչպես է մեծ եղբայրն աշխատում համակարգչի վրա, Ռոբերտը սկսեց հետաքրքրվել համակարգիչներով դեռ տարրական դասարաններում: Իր առաջին կայքը նա ստեղծեց 9-րդ դասարանում: Այնուհետև նա որոշեց ինչ-որ հետաքրքիր բան գրել իր iPod-ի համար: Նա սկսեց ուսումնասիրել ծրագրերը: Վերջապես կանգ առավ Corona SDK ծրագրի վրա, ներբեռնեց այն և սկսեց ուսումնասիրել ծրագրի փաստաթղթավորումը գրադարանում: Յուրացնելով ծրագիրը` Ռոբերտը սկսեց իր Macbook-ի վրա գրել կոդի առաջին տողերը: Աշխատանքը տևեց մեկ ամիս և վերածվեց 4 000 տող կոդի: Նա տեղադրեց իր խաղը App store-ում և ստացավ 300 000 ներբեռնում առաջին իսկ շաբաթվա ընթացքում:


«Մենք զարմացած էինք», – պատմում են ծնողները, – «արդեն մեծ հաջողություն էր ստեղծել նման խաղ, որը կհայտնվի App store-ում: Բայց որպեսզի այն հասնի նման արդյունքների…»:

Ցանկության դեպքում Ռոբերտն արդեն միլիոնատեր կարող էր լինել, եթե որոշեր գանձել App store-ում նախատեսված նվազագույն 99 ցենտը խաղի յուրաքանչյուր ներբեռնման համար: Բայց նա որոշեց խաղը տեղադրել անվճար (միգուցե նաև մարքեթինգային լավ քայլ էր): Սակայն խաղի հաջորդ տարբերակներն արդեն վճարովի կլինեն: Խաղի դիզայնով և գրաֆիկայով, ինչպես նաև ֆինանսական հարցերով զբաղվում է Ռոբերտի մայրը, իսկ Ռոբերտին մնում է միայն կոդ գրելը:

«Պարզապես պետք է լինի մի բան, որը դուք ուզում եք անել և դա ձեզ հետաքրքիր է», – խորհուրդ է տալիս Ռոբերտը բոլոր նրանց, ովքեր ուզում են խաղեր գրել, – «նաև դուք պետք է հավատաք, որ կարող եք անել դա»:


(Նյութը success.am -ից)
Comments
0 Comments

 

© 2013 ◕‿◕Բոլոր իրավունքները պաշտպանված են Now Blog

Back To Top