Հետաքրքիր ԵՎ Իմաստալից Պատմություն



"Ժամանակով մի երիտասարդ էր ապրում, ով ուներ պոռթկուն բնավորություն։ Նրա հայրը շատ էր անհանգստանում որդու ապագայով և անդադար մտածում էր, թե ինչպես որդուն հասկացնի, որ հարաբերությունները շատ կարևոր են, իսկ պոռթկուն բնավորությունը սանձելը բանալին է այդ հարցում։
Երկար մտածելուց հետո նա իր մոտ կանչեց որդուն, տվեց մի պարկ մեխ և խնդրեց ամեն անգամ զսպվածությունը կորցնելու դեպքում մեկ մեխ մեխել ցանկապատի վրա։ Որդին չհասկացավ, թե բանն ինչում է, բայց քանի որ հորը իմաստուն էր համարում, համաձայնեց։

Առաջին օրը միայն նա ցանկապատի վրա 37 մեխ մեխեց։ Ամեն օր նա սովորում էր քիչ-քիչ իր պոռթկուն բնավորությունը սանձել և զսպվածություն սովորել։ Եվ ահա եկավ այն օրը, երբ նա կարողացավ զսպել իրեն։ Նա շատ ուրախացավ այդ փաստի կապակցությամբ և շտապեց հոր մոտ՝ կիսելու լավ լուրը։ Հայրը նույնպես անչափ ուրախացավ։ Այս անգամ նա խնդրեց որդուն ամեն անգամ, զսպվածություն դրսևորելիս, հանել մեկ մեխ ցանկապատի վրայից։ Չնայած մեխերը շատ էին, բայց եկավ այն երջանիկ օրը, երբ բոլոր մեխերը դուրս հանվեցին ցանկապատի տախտակներից։ Այս անգամ էլ որդին շտապեց ուրախացնել հորը։ Հայրը շատ ուրախացավ, սակայն նա ցանկանում էր որդուն հասկացնել, որ զսպվածություն դրսևորելը ավելին է, քան ցանկապատի վրա մեխելը։ Նա բռնեց որդու ձեռքը, տարավ ցանկապատի մոտ և ցույց տվեց բոլոր անցքերը, որ մնացել էին մեխերը հանելուց հետո. "Որդիս, այս ցանկապատը այլևս առաջվա նման չի լինի, այն կրում է քո պոռթկուն բնավորության հետքերը։ Անզգույշ ասված բառերը իսկապես վերք են թողնում, որը հեշտ չի բուժվում։ Ամեն անգամ բարկացած խոսելիս հիշիր ցանկապատի մասին"։