Երեկ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ ստացավ, որ Մաշտոցի պողոտայի վրա մի կին փոքր երեխայի հետ նստած փող է մուրում:
Պաշտպանի՝ երեխաների հարցերով խորհրդական Աիդա Մուրադյանը անմիջապես մեկնեց նշված վայր՝ մանրամասները ճշտելու նպատակով: Բացի այդ տիկին Մուրադյանը կապվել էր ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի և Ոստիկանության հետ՝ նրանց նույնպես ներգրավելով խնդրի լուծման մեջ:
Ինչպես պարզվեց, մայրը, ելնելով ծանր սոցիալական վիճակից, երեխայի հետ միասին Մասիս քաղաքից եկել էր Երևան մուրացկանության միջոցով գումար վաստակելու նպատակով: Առաջին անգամն էր, որ կինը դիմում էր նման միջոցի, քանի որ արդեն չէր կարողանում հոգալ իր և երեխայի սննդի խնդիրը: Նախկինում դատված ամուսինը ոչնչով չի օգնում նրան և չի կարողանում պահել ընտանիքը:
Մայրն ու երեխան փողոցից տեղափոխվեցին ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն և ստանալով որոշակի օգնության փաթեթ՝ ուղևորվեցին տուն: Ոստիկանության աշխատակիցների խոսքերով կնոջ վրա առկա են եղել նաև բռնության հետքեր, որոնց կապակցությամբ կինն, այնուամենայնիվ, հրաժարվել է բողոք ներկայացնել:
Պաշտպանի խորհրդականը պարբերաբար կապ է պաշտպանում թե կնոջ հետ, թե Ոստիկանության և ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի աշխատակիցների հետ:
Միաժամանակ իրավիճակը հսկողության տակ պահելու և երեխային կրկին մուրացիկության մեջ ներգրավելը կանխելու նպատակով, Պաշտպանը գրություններ է պատրաստվում ուղարկել Մասիսի քաղաքապետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժին և Ոստիկանություն: